Հունիսի 29, 2007

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հեռարձակման ոլորտում օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառնված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը վկայում են, որ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն շարունակում են խոսքի եւ մամուլի ազատությունը սահմանափակելու եւ ճնշելու` վերջին տարիների արատավոր քաղաքականությունը:

Այս էլ որերորդ անգամ, կառավարությունը գաղտնի, առանց քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների, փորձագետների հետ քննարկումների եւ անգամ առանց Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի եզրակացության՝ հապճեպորեն Ազգային ժողով է ներկայացնում օրինագծեր, որոնք անմիջականորեն առնչվում են լրատվության ոլորտին: Երկրի ու հասարակության համար այդ ի՞նչ կենսական խնդիրներ պիտի լուծեին երկու օրինագծերը, որ անհրաժեշտ էր անպայման արտահերթ նստաշրջանում քննարկել, այլ ոչ թե մտցնել հերթական նստաշրջանի օրակարգ` պահպանելով օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը: Նախագծերի հեղինակներն էլ որեւէ համոզիչ հիմնավորում չներկայացրեցին հենց այս պահին դրանք ընդունելու անհրաժեշտության մասին:

Նման գործելակերպը, երբ մասնավորապես հեռարձակմանը վերաբերող օրենքներում հապճեպ փոփոխություններ են առաջարկվում` առանց ոլորտի առանձնահատկությունները, օրենսդրության տրամաբանությունը հաշվի առնելու, արդեն ավանդույթ է դառնում. հիշենք թեկուզ, որ 2006 թվականի սեպտեմբերին էլ կառավարությունը նույն հապճեպությամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որը հարուցեց լրագրողական հանրության դժգոհությունը եւ ի վերջո մերժվեց ԱԺ կողմից: Սակայն 2007 թվականի փետրվարին, կառավարությունը, բոլոր առաջարկություններն անտեսելով, ի վերջո անցկացրեց անընդունելի մի այլ օրինագիծ:

Այսօր ԱԺ ներկայացված օրինագծերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք առաջին հերթին ուղղված են ՀՀ իշխանությունների կողմից չվերահսկվող միակ հեռարձակվող լրատվամիջոցի` «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության դեմ, որովհետեւ դրանց ընդունումով ըստ էության կդադարեցվի այդ ծառայության հաղորդումների հեռարձակումը հայկական ռադիոալիքներով: Այս նախագծերի ընդունումը նաեւ հարված կհասցնի նորընտիր Ազգային ժողովի հեղինակությանը, որն առաջին իսկ ընդունված օրենքներով իրեն կդրսեւորի որպես ժողովրդավարության, խոսքի ազատության հակառակորդ:

Մենք միշտ պնդել ենք, որ այս ոլորտում օրենսդրական փոփոխությունները պետք է կատարել համակարգված` միասնական հայեցակարգով, ուստի կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին`ընդհանրապես չքվեարկել կառավարության ներկայացրած նախագծերը եւ կազմակերպել ոլորտի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթի հասարակական լսումներ:

Հայտարարությունը կազմվել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ մի խումբ կազմակերպությունների անունից եւ բաց է այլ կազմակերպությունների եւ անհատների միանալու համար` հետեւյալ հասցեով. [email protected]