Հունիսի 3, 2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի ընդունման կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովը 2016թ. մայիսի 25-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց, իսկ ՀՀ Նախագահը մայիսի 28-ին ստորագրեց Ընտրական նոր օրենսգիրքը:

Ինչպես նշվում է ս.թ. մայիսի 10-ին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների տարածած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի դրույթների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ կարծիք» փաստաթղթում, որին միացել են նաև մեր կազմակերպությունները, Օրենսգրքի նախագծի մշակման, հրապարակման և ՀՀ կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու, Ազգային ժողով ներկայացնելու, այսինքն՝ գրեթե բոլոր փուլերն ուղեկցվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն ընթացակարգերի խախտմամբ, որոնք կարգավորում են  իրավական ակտերի մշակումը և շրջանառությունը:

Այնուհետև՝ ապարդյուն են եղել նաև 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) պայմանական ձևաչափով քննարկումները, խորհրդատվական բնույթի մյուս բոլոր նախաձեռնություններն ու միջոցառումները:

Իսկ ԸՕ-ի վերջնական տարբերակում լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող  դրույթները նույնիսկ ավելի շատ են սահմանափակում ընտրությունների ազատ ու բազմակողմանի լուսաբանման հնարավորությունները, քան օրենսգրքի նախնական տարբերակը:

Մինչև Ազգային Ժողովի կողմից օրենսգրքի ընդունումը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ պատրաստել և ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբին էին ներկայացրել մի շարք առաջարկություններ: Նախագծի հեղինակներն այդ առաջարկություններից մի քանիսն իբրև թե ընդունելով՝  այն տպավորությունն են ստեղծել, թե Օրենսգիրքը ձևավորվել է մասնագիտական հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում: Սակայն, իրականում, մեր առաջարկությունները կոպտորեն խեղաթյուրվել են:

Իբրև թե ընդառաջ գնալով մեզ՝ ընտրական տեղամասում դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների միաժամանակյա ներկայությունը 8-ից բարձրացվել է 15-ի: Սակայն, միևնույն է, առկա է սահմանափակում, որը կարող է կիրառվել ընտրողաբար՝ անցանկալի դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղամասից դուրս թողնելու համար: Այստեղ արհամարհվել է նաև մեր հիմնավորված առաջարկությունը՝ տարբերակում մտցնելու դիտորդների և լրագրողների գործունեության կարգավորման հարցում, նկատի ունենալով նրանց առաքելությունների տարբերությունը: Ավելին, ԸՕ-ի վրա աշխատանքի վերջին փուլում անհայտ պատճառներով որոշվել է քանակական  սահմանափակումը չտարածել վերգետնյա հեռարձակվող ԶԼՄ-ների վրա, այսպիսով՝ չարդարացված խտրականություն դնելով ԶԼՄ-ների միջև:

Իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ քնարկումների ընթացքում, հաշվի առնելով համապետական նախորդ ընտրությունների հետ կապված վերջիններիս այն մտահոգությունները, որ լրագրողի անվան տակ տեղամասերում հայտնվում էին պատահական անձինք՝ սպասարկելով զանազան կուսակցությունների շահերը,  ներքոստորագրյալ կազմակերպություններն առաջարկել էին քանակական սահմանափակումների փոխարեն վերադառնալ լրագրողների հավատարմագրման կարգին:

Սակայն, դարձյալ, իբրև թե անսալով լրագրողական կազմակերպությունների խորհրդատվությանը՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ որոշում կայացնողները, պահպանելով քանակական սահմանափակումները,  նախատեսեցին լրագրողների հավատարմագրման այնպիսի կարգավորումներ, որոնք սկզբունքորեն հակասում էին մեր առաջարկներին:

Վերը նշված դրույթներն այնպիսի կարևորագույն քաղաքական իրադարձության ընթացքում, ինչպիսին են սահմանադրական փոփոխություններից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրությունները, դժվար է ընկալել այլ կերպ, քան իշխանությունների կողմից անվերահսկելի  լրատվամիջոցներին մաղելու միտում:

Ամփոփելով Ընտրական նոր օրենսգրքի մշակման և ընդունման ողջ գործընթացը, մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում  ենք, որ.

— Ընդունվել է մի օրենսգիրք, որը լուրջ սահմանափակում է լրատվամիջոցների գործունեությունը և խտրականություն մտցնում նրանց միջև,

— Խեղաթյուրվել են քաղաքացիական հասարակության, մասնավորապես մասնագիտական լրագրողական կազմակերպությունների առաջարկություններում եղած գաղափարները՝ միաժամանակ ստեղծելով նրանց հետ համագործակցության պատրանք,

— Այսպիսով փորձ է արվել այդ  պատրանքը ծառայեցնել նաև ԶԼՄ-ների և մասնագիտական ՀԿ-ների միջև հակասություններ սերմանելուն՝ օրենսգրքում առկա սահմանափակումների համար պատասխանատվությունը գցելով վերջինների վրա,

Իշխանությունների կողմից ցուցաբերած այս ոչ գործընկերային և ապակառուցողական մոտեցումը թերահավատություն է ստեղծում և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեր կազմակերպությունների կողմից նոր օրենսդրական առաջարկությունների պատրաստման և պետական ատյանների հետ համագործակցության համար: Այդուհանդերձ, մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչպես է գործելու Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ ԶԼՄ-ներին վերաբերող դրույթները, և հանրությանն ենք ներկայացնելու մեր դիտարկումներն ու դիրքորոշումները:

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ