Հունվարի 20, 2007

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՈՍ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մենք` Երեւանի մամուլի ակումբի անդամներիս, խորապես ցնցված ենք հայտնի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտի Դինքի սպանությամբ: Այս քստմնելի գործողությունն ուղղված է խոսքի ազատության, ժողովրդավարության, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեմ: Այն եւս մեկ անգամ վկայում է. դեռ շատ մութ, հետադիմական, կոպիտ ուժեր կան, որոնք չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանն ընթանա առաջադիմության ուղիով:

Հրանտի ժուռնալիստական եւ հասարակական գործունեությունն ուղղված էր պաշտպանելու մտքերն ազատորեն արտահայտելու անձի իրավունքն ու հաղթահարելու ավանդական կարծրատիպերը, որոնք մարդկանց խանգարում են շփվել, հասկանալ եւ սիրել իրար: Նրա համար անընդունելի էր ինչպես 1915 թվականին հայ բնակչության նկատմամբ թուրքական կառավարության իրականացրած ոճրագործությունը լռության մատնելը, այնպես էլ` հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական հետապնդումը, որ նախատեսվում է ֆրանսիական խորհրդարանի հավանությանն արժանացած օրինագծում: Լինելով քչերից մեկը Թուրքիայում, ով համարձակվում էր խոսել եղեռնի մասին, Հրանտ Դինքն այլ հայացքներ ունենալու համար որեւէ անձի դատապարտումը դիտում էր իբրեւ մարդու իրավունքների խախտում: Նա մեկն էր այն մարդկանցից, ում համարում էին սիմվոլ` Թուրքիայի նորացման. մի գործընթաց, որ հակասական է եւ բախվում է հզոր դիմադրության ու բազմաթիվ ներքին եւ արտաքին խոչընդոտների:

Հրանտի նման մարդիկ, ովքեր ձգտում են հաղթահարել իրենց եւ մերձավորների վախը, բարդույթները, նրանք, ովքեր բաց են ամեն մի նորի եւ լուսավորի համար, ամենից անպաշտպանն են: Նրա սպանությունը, իսկ ավելի վաղ` թուրքական իշխանությունների կողմից քաղաքական եւ դատական հետապնդումները հաստատում են այս տխուր իրողությունը: Հետեւելով մեր գործընկերոջ զոհվելու կապակցությամբ աշխարհում եւ հենց Թուրքիայում աննախադեպ արձագանքին, ակամա խորհում ես հետեւյալ պարադոքսի մասին. հասարակությունն առավել սուր եւ մեղքի յուրահատուկ զգացողությամբ է ընդունում իր հենց այն ներկայացուցիչների կորուստը, ովքեր, ծառայելով ճշմարտությանն ու արդարությանը, ընդսմին ավելի խոցելի էին եւ կենդանության օրոք չէին արժանանում համարժեք համակրանքի ու աջակցության: Թող սա եւս մեկ դաս լինի այն բոլոր երկրների համար, որտեղ սպանում, բռնությունների եւ հետապնդումների են ենթարկում լրագրողներին:

Խորը վիշտ ապրելով հանդերձ, մենք չենք կարող ափսոսանք չարտահայտել մի շարք հայտարարությունների առթիվ, որոնց հեղինակաները փորձում են շահարկել Ստամբուլում տեղի ունեցած ողբերգությունը` տարածելով Հրանտ Դինքին խորթ գաղափարներ, դրանով իսկ` անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նրա հիշատակի հանդեպ: Լրագրողի եւ հասարակական գործչի սպանությունը, անկասկած, հետեւանք էր թուրքական հասարակությունում առկա քաղաքական կոլիզիաների, եւ մենք կոչ ենք անում դիմակայել ոճրագործությունը անըմբռնողության եւ ատելության անդունդը խորացնելու համար օգտագործելուն:

Մենք ցանկանում ենք հավատալ, որ այն արժեքները, որոնք դավանում էր Հրանտ Դինքը, նպատակները, որոնց նա ձգտում էր, ավել ու ավելի շատ կողմնակիցներ կգտնեն Թուրքիայում, Հայաստանում, ողջ մեր տարածաշրջանում: Երեւանի մամուլի ակումբը եղել եւ մնում է դրանցից մեկը: