Մայիսի 11, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ 

 

Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպած երթի ընթացքում Երևանի Ամիրյան փողոցում  խոչընդոտվել է «xosnak.am» լրատվական կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը, կիրառվել բռնություն։ Այսպես՝ լրագրող Նանե Իսրայելյանը փորձել է մեկնաբանություն ստանալ երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից, սակայն վերջինս լրագրողին հորդորել է հեռանալ։ Սրբազանի աջակիցներն էլ նույն լրատվամիջոցի օպերատոր Վահե Աղրյանի ձեռքից խլել են տեսախցիկը, հանել չիպը, իսկ սարքը նետել են գետնին ու կոտրել, ապա հայհոյելով հեռացել են։ Ինչպես հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վերջին շաբաթների ընթացքում Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման դեմ բողոքի ակցիաներով և դրանց հետ կապված տարատեսակ ընդհարումներով պայմանավորված՝ սա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ բռնության արդեն 6-րդ դեպքն է։ Ընդ որում՝ դրանցից երեքում ոստիկաններն են չարաշահել իրենց լիազորությունները և անհիմն ուժ կիրառել լրագրողների ու օպերատորների դեմ, ևս երեք դեպքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ բռնարարքների են դիմել ակցիաների մասնակիցները, կամ երբ դրանք տեղի են ունեցել ակցիաներից դուրս՝ Բագրատ Գալստանյանի համակիրները։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրատվամիջոցների աշխատակիցների դեմ հարձակումների և բռնությունների այս ալիքը՝ անկախ նրանից, թե ում կողմից են դրանք իրականացվում։ Համոզված ենք, որ այդ գործողությունների համար պարարտ հող են ստեղծում մի կողմից իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների, մյուս կողմից՝ ընդդիմադիր գործիչների և բողոքի ակցիաներն առաջնորդողների կոշտ հռետորաբանությունն ու անզգույշ արտահայտությունները ԶԼՄ-ների հասցեին։

Բերենք ընդամենը երկու օրինակ։ Մայիսի 6-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից ասաց․ «Գիտեք ես չե՞մ ուզում լրագրող ծեծել, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ․․․»։ Կարելի է ենթադրել՝ եթե ԱԺ նախագահը լրագրող ծեծելու իրավունք ունենար, նա դա կաներ, որովհետև այդպիսի ցանկություն ունի։ Իսկ մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանն ամբիոնից «Araratnews.am» կայքի պատասխանատուներին անվանել է «տականք» և «մարդասպան»՝ իր խոսքերն աղավաղելու համար։ Այս բառապաշարն ակնհայտորեն վիրավորական է, սադրող բնույթ է կրում և կարող է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ նոր բռնություններ հրահրել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

• Իրավապահ մարմիններին՝ ցուցաբերել հավասար մոտեցում լրագրողների ու օպերատորների դեմ ֆիզիկական բռնությունների և գործունեության խոչընդոտումների փաստերը քննելիս՝ ապահովելով օբյեկտիվություն ու անաչառություն, անկախ նրանից, թե ինչ ուղղվածության լրատվամիջոցում են նրանք աշխատում,

• Իշխող և բոլոր մյուս քաղաքական ուժերին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ և տեղեկատվական վեճերն ու անհամաձայնությունները լուծել քաղաքակիրթ ճանապարհով,

• Վերջին օրերի բողոքի ակցիաները գլխավորող հոգևորական և քաղաքական գործիչներին՝ պատասխանատվություն վերցնել ցուցարարների գործողությունների համար, կառավարել իրավիճակը՝ ապահովելով աջակիցների վարքի պարկեշտությունն ու օրինականությունը, այդ թվում՝ լրագրողների հետ հարաբերվելիս,

• ԶԼՄ-ներին՝ առավել պատասխանատվություն, անաչառություն և նրբանկատություն ցուցաբերել երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը լուսաբանելիս, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ