Նոյեմբերի 20, 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության կողմից առանց քաղաքացիական հասարակության ներգրավվածության՝ հեռարձակման ոլորտի օրենսդրության փոփոխությունների նախագիծ մշակելու և Ազգային ժողով ներկայացնելու կապակցությամբ 

2017թ. նոյեմբերի 16-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։ Սա հերթական աղաղակող փաստն է, երբ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում և խորհրդարան է ուղարկում կարևոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու և նրանց հետ որևէ քննարկում անցկացնելու։

Մինչդեռ 2000 թվականից ի վեր և հատկապես 2010-ին, երբ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի առնչությամբ վերախմբագրվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պետական տարբեր ատյաններին ու հանրությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, փորձագիտական եզրակացություններն ու օրենսդրական առաջարկությունները։ Ցայսօր ոլորտի պատասխանատուների գզրոցներում են մնում միջազգային փորձագետների առաջարկների հիման վրա պատրաստված՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մեր նախագծերը, որոնցով նախատեսվում էր արմատական բարեփոխումներ իրականացնել հեռարձակման ոլորտում։ Իշխանական ամենաբարձր ատյաններում մեզ հավաստիացրել են, որ այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը վերանայելիս հաշվի կառնվեն մեր մոտեցումները, իսկ նոր օրենք մշակելիս անպայման կներգրավվեն նաև մեր փորձագետները։ Հետևաբար, հիմքեր կային ակնկալելու, որ մեզ հնարավորություն կընձեռվի կառուցողական ներդրում ունենալու ընդունվող որոշումներում և կարգավորումներում։

Ցավոք, հերթական անգամ իշխանությունները տեր չեղան իրենց խոստումներին և անտեսեցին մասնագիտացված հասարակական կառույցների մասնակցությունը կարևոր գործընթացին։ Այսպիսի գործելաոճն առավել ևս անընդունելի է այն պահին, երբ պաշտոնական Երևանը պատրաստվում է Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրել, որում քաղաքացիական հասարակության անմիջական ներգրավվածությունը քաղաքականություն մշակելու և իրականացնելու պարտադիր պայման է դիտարկվում։ Կառավարության այս մոտեցումը փաստորեն արհամարհում է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝  2017թ. սեպտեմբերի 27-ին ընդունած Քաղաքական որոշումների կայացմանը քաղաքացիական մասնակցության վերաբերյալ ուղեցույցի դրույթները:

Մոտակա ժամանակահատվածում մենք դեռ կանդրադառնանք նոր օրենքի նախագծի բովանդակությանը` վերլուծությունների, եզրակացությունների ու հայտարարությունների տեսքով։ Սակայն այսօր իսկ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն ընդամենը մեկտեղել է անցած 7 տարվա ընթացքում կատարված փոփոխություններն ու լրացումները և համապատասխանեցվել է նոր Սահմանադրությանը։ Անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին, որոնք կուտակվել ու խորացել են այս տարիների ընթացքում՝ որևէ լուծում չստանալով ոչ օրենսդրական, ոչ էլ պրակտիկ քաղաքականության մակարդակներում։

Մասնավորապես, չլուծված է մնում կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության խնդիրը։ Գործող օրենքից այս օրինագիծ անցած անընդունելի պայմանների հետևանքով չի ստեղծվելու թվային հեռարձակման մասնավոր ցանց՝ մուլտիպլեքս։ Չի լուծվելու մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների հարցը, որոնք 2010 թվականի քաղաքականացված և անարդար մրցույթների հետևանքով դուրս մնացին թվայնացման գործընթացից և ստիպված են շարունակել անալոգային ռեժիմով գործել՝ կորցնելով լսարանն ու գովազդատուներին։ Այս թվարկումը կարելի է շարունակել։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

— ՀՀ Ազգային ժողովից՝ վերադարձնել օրինագիծը կառավարություն, պահանջելով վերանայել այն՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները,

— ՀՀ կառավարությունից՝ ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։

Մենք կոչ ենք անում նաև միջազգային կազմակերպություններին և հատկապես Եվրամիությանը՝ առավելագույնս նպաստել այս գործընթացին՝ հայաստանյան հեռարձակման ոլորտը բարեփոխելու և արդիականացնելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ