ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ֆոտոլուր» գործակալության թղթակից Մխիթար Խաչատրյանի վրա հարձակման կապակցությամբ
Երաշխավորել ժուռնալիստի անվտանգությունը նրա մասնագիտական պարտքը կատարելիս` աշխատելիս. այս կարգախոսը բազմիցս արձանագրվել է լրագրողական կազմակերպությունների հայտարարություններում, երբ հերթական բռնարարքներն են կատարվել ժուռնալիստների նկատմամբ:
Անպատժելիությունը արդարացված նախադեպային իրավիճակ է ստեղծել, եւ այսօր նորից ու նորից մեր զայրույթն ենք հայտնում 2004թ. օգոստոսի 24-ին Ծաղկաձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. բնապահպանության խնդիրներով` անտառների պահպանության մտահոգությամբ Ծաղկաձոր գործուղված «Ֆոտոլուր» գործակալության թղթակից, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Մխիթար Խաչատրյանի վրա են հարձակվել անհայտ անձինք (մեկը` սափրած գլուխ), բռնության գործադրմամբ, կոպիտ հայհոյանքներով ու ահաբեկչական արտահայտություններով խլել են ֆոտոխցիկի հիշողության սարքը, ֆոտոժուռնալիստին պատճառելով մարմնական վնասվածք:
Կրկին փաստում ենք, որ լրագրողի նկատմամբ բռնարարքները եւ նրանց աշխատանքին խոչընդոտելը նախորդ միջադեպերի մեղավորներին չպատժելու հետեւանք են:
Խստորեն դատապարտելով իր մասնագիտական պարտքը կատարելիս ժուռնալիստի նկատմամբ հերթական բռնարարքը, մենք` իրավապահ մարմիններից պահանջում ենք կոնկրետ միջամտություն` մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու համար:
Հայաստանի ժուռնալիստների միություն
Երեւանի մամուլի ակումբ