Փետրվարի 3, 2005

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթի կապակցությամբ

2005 թվականի հունվարի 20-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ հայտարարվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթ: Փետրվարի 1-ին ավարտվել է փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Մենք հայտարարությամբ հանդես չեկանք թեկնածուների առաջադրման շրջանում, որպեսզի  չմիջամտեինք այդ գործընթացին: Այժմ անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ եւս արտահայտել մեր վերաբերմունքը հեռարձակումը կարգավորող մարմինների ձեւավորման մեխանիզմների վերաբերյալ:

Մենք հայտարարում ենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ու նրա կիրառման պրակտիկան, մասնավորապես ներկա մրցույթը, չեն համապատասխանում պետական հեռարձակումը հանրայինի վերակազմավորելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությանը եւ միջազգային չափանիշներին:

2003 թվականի դեկտեմբերի 3-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում (նաեւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովում) թափուր տեղերը լրացվում են մրցութային կարգով, իբր բխել են ԵԽ փորձագետների պահանջից: Սակայն դեռ այն ժամանակ մենք, համադրելով փորձագետների առաջարկություններն ու կատարված փոփոխությունները, նշել ենք, որ վերջիններս ոչ մի կերպ չեն համապատասխանում կարգավորող մարմինների ձեւավորման առավել թափանցիկություն ապահովելու առաջարկությունների նպատակներին եւ էությանը: Մասնավորապես, օրենքը չի նախատեսում մրցութային հանձնաժողովի ձեւավորման կարգ՝ ամբողջ գործընթացը թողնելով Հանրապետության նախագահի հայեցողությանը: Եթե նախկինում պետության ղեկավարը անմիջականորեն էր նշանակում խորհրդի անդամներին, ապա այժմ նշանակում է իր իսկ կազմավորած մրցութային հանձնաժողովի որոշած հաղթողների թվից:

Մենք օրենքի փոփոխություններն ու դրանց հիման վրա հայտարարված մրցույթը գնահատում ենք որպես ժողովրդավարական գործընթացների իմիտացիա եւ շարունակելու ենք պնդել իրական բարեփոխումների անհրաժեշտությունը:

Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի Ժուռնալիստների միություն
Հայաստանի «Ինտերնյուս» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե