Հուլիսի 13, 2005

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի կապակցությամբ

2005 թվականի հուլիսի 7-ին ՀՀ իշխանությունները Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ուղարկել են Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը, իսկ օգոստոսի 29-ին հրավիրված է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախագիծը քննարկելու օրակարգով:

Սահմանադրության փոփոխությունների նախագծում ներմուծված է դրույթ, ըստ որի էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի  (այստեղ եւ այսուհետեւ` ընդգծումները մերն են) անդամներին ՀՀ նախագահի ներկայացմամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը: Ըստ նախագծի հեղինակների, այն համապատասխանում է 2005 թ. հունիսի 23-24-ին Ստրասբուրգում ընդունված «Համաձայնեցված գործողություններ «Ժողովրդավարություն օրենքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եւ Հայաստանի իշխանությունների միջեւ` սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ» փաստաթղթին, որի կետերից մեկը ենթադրում է խորհրդարանի ներգրավումը լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների անդամների նշանակման գործընթացում:

Մենք պնդում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատմանն ուղարկված նախագծի համապատասխան ձեւակերպումը լրատվամիջոցների ազատության, անկախության եւ բազմակարծության խնդրի լավագույն լուծումը չի տալիս եւ ամբողջությամբ չի արտահայտում «Համաձայնեցված եզրակացությունների» սկզբունքները:

Նախ` փոփոխությունների նախագիծը նշում է կարգավորող մեկ` ըստ հեղինակների պարզաբանումների` մասնավոր հեռարձակողների գործունեությունը կարգավորող մարմնի մասին, այն դեպքում, երբ ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` նախատեսված են երկու կարգավորող մարմիններ` Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Հետեւաբար` դրույթը պետք է վերաբերեր ոչ թե մեկ մարմնի, այլ` մարմինների, մանավանդ, որ «Համաձայնեցված եզրակացություններում» այդպես էլ նշված է` «լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների…»: «Հեռարձակումը կարգավորող մարմիններ» արտահայտությունն է օգտագործված նաեւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1458 (2005)` «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում» բանաձեւում:

Այնուհետեւ` ավելի տրամաբանական եւ նպատակահարմար կլինի, եթե Ազգային ժողովը` որպես իր բնույթով ներկայացուցչական եւ հասարակության տարբեր շերտերի շահերն արտահայտող հաստատություն, ներկայացնի  կարգավորող մարմիների անդամների թեկնածությունները, իսկ Նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր եւ պետության գլուխ, նշանակի նրանց: Դրանով կապահովվի իշխանության տարբեր թեւերի եւ հասարակության ակտիվ մասնակցությունն այդ մարմինների ձեւավորմանը: Հետագայում` Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններով կսահմանվի ԱԺ կողմից այդ մարմինների անդամների առաջադրման եւ Նախագահի կողմից հաստատման կամ մերժման կարգը:

Մենք կարծում ենք նաեւ, որ Սահմանադրության   մեջ պետք է ներառել գրաքննության ցանկացած ձեւն արգելող դրույթ: Մեր այս առաջարկը բխում է այն իրողությունից, որ ժողովրդավարության ուղին բռնած երկրներում, որոնցում ոչ հեռու անցյալում կային գրաքննություն իրականացնող մարմիններ, պահպանվում է թաքնված գրաքննության տարրեր ներդնելու վտանգը: Սահմանադրության մեջ գրաքննության ցանկացած ձեւն արգելող դրույթը տարբեր օրենքներում դրա քողարկված դրսեւորումները բացառելու երաշխիք կլինի:

Մենք կոչ ենք  ՀՀ Ազգային ժողովին` մեր առաջարկած դրույթները ներառել երկրորդ ընթերցման ներկայացվող նախագծում:

Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի ժուռնալիստների միություն
Հայաստանի «Ինտերնյուս» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ
«ԹԻՄ» ուսումնասիրությունների կենտրոն
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ