ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանի մամուլի ակումբի եւ «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնի վերաբերյալ հնչած արտահայտությունների կապակցությամբ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ոչ օբյեկտիվ է գնահատել 2008 թվականի նախագահական ընտրությունների նախօրյակին հայկական ԶԼՄ-ների իրավիճակի մասին տեղեկատվությունը, որի վրա հիմնվում են որոշ «եվրոպացի պաշտոնյաներ», ինչպես նաեւ առաջարկել է` «վարձել մասնագիտացված մի կազմակերպություն», որը կիրականացնի ամբողջական մոնիտորինգ` դիտարկելով ե´ւ էլեկտրոնային, ե´ւ տպագիր ԶԼՄ-ները:
Քանի որ հիշյալ հանդիպումից մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հղում կատարելով Երեւանի մամուլի ակումբին, հայկական ԶԼՄ-ների հասցեին քննադատական դիտողություններ է արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, մենք իրավունք ունենք ենթադրելու, թե ՀՀ վարչապետը «ոչ օբյեկտիվ նյութեր» ասելով նկատի ուներ 2007 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնի եւ Երեւանի մամուլի ակումբի` 8 հեռարձակվող ալիքների դիտարկման հաշվետվությունները: Համենայն դեպս, կառավարության ղեկավարի խոսքերի հենց այդպիսի մեկնաբանություններ են արել մի շարք ԶԼՄ-ներ:
Վարչապետի արտահայտություններին նման գնահատականներ հնչել են նաեւ իշխանության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, ընդ որում` անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնվում նրանց հայտարարությունները: Եթե համապատասխան հետազոտություններ են իրականացվել, ապա հանրությանն օգտակար կլիներ իմանալ` ինչպիսին են դրանց արդյունքները եւ ինչ մեթոդոլոգիա է կիրառվել: Իսկ եթե մեզ «ոչ օբյեկտիվության» մեջ մեղադրելը որեւէ կոնկրետ փաստով հիմնավորված չէ, ապա մենք կոչ կանեինք ձեռնպահ մնալ նման կտրուկ հայտարարություններից:
Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մեզ «ոչ օբյեկտիվության» մեջ մեղադրելը որեւէ հիմնավորում չունի: «ԹԻՄ»-ը լրատվամիջոցների հետազոտություններով զբաղվում է 1996 թվականից, իսկ Երեւանի մամուլի ակումբն այդ նույն ժամանակից իրականացրել է բոլոր համապետական ընտրությունների լուսաբանման դիտարկումներ կամ իբրեւ գործընկեր մասնակցել է այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների նման հետազոտություններին: Մոնիտորինգի տեխնոլոգիան անընդհատ ճշգրտվել է եւ ներկայումս առավելագույնս կատարելագործված է: Այն հիմնված է ինչպես առաջատար միջազգային կազմակերպությունների մշակած մեթոդների, սեփական բազմամյա փորձի վրա, այնպես էլ` առարկայի խորը իմացության, որն իր հերթին արդյունք է մեր կողմից հայկական ԶԼՄ-ների մշտական ուսումնասիրությունների: Էլ ի՞նչ է հարկավոր «մասնագիտացված կազմակերպություն» համարվելու համար:
ԵՄԱ-ն եւ «ԹԻՄ»-ը երբեք քաղաքականապես կողմնակալ լինելու կասկածների առիթներ չեն տվել: Լինելով խոսքի ազատությանն աջակցելու կոչված անկախ ոչ կառավարական կազմակերպություններ` մենք բազմիցս քննադատել ենք ՀՀ պաշտոնական կառույցներին, սակայն բոլոր դեպքերում այդ քննադատությունը եղել է սկզբունքային դիրքորոշման, ժողովրդավարական արժեքներին հավատարմության, այլ ոչ թե կողմնակալության դրսեւորում: Ոչ գործողություններով, ոչ հրապարակային հայտարարություններով մեր կազմակերպությունները ոչ մի անգամ աջակցություն չեն հայտնել այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին: Ցավոք, ժամանակակից Հայաստանում պատասխանատու, պրոֆեսիոնալ դիրքորոշումը իբրեւ արժանիք չի ընկալվում:
Այս առումով, մենք մեր հերթին առաջարկում ենք եվրոպական կառույցներին ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկման շրջանակներում կատարել «ԹԻՄ»-ի եւ Երեւանի մամուլի ակումբի մոնիտորինգի տեխնոլոգիայի եւ արդյունքների փորձաքննություն: Մեր աշխատանքը միշտ եղել է թափանցիկ, եւ նրա սկզբունքները մշտապես հիմնովին բացատրվել են հանրությանը. յուրաքանչյուր հաշվետվություն ներկայացվում է մամուլի ասուլիսում եւ ուղեկցվում է իրականացվող հետազոտության մեթոդոլոգիայի մանրամասն նկարագրությամբ: Մեր կողմից իրականացվող մոնիտորինգում կարող է ներգրավվել ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների առաջարկած ցանկացած անկախ փորձագետ եւ համոզվել մեր տվյալների եւ վերլուծությունների անաչառության մեջ:
Մենք կողմնակից ենք նաեւ ընտրությունները դիտարկող կառույցների լիազորած միջազգային կազմակերպության կողմից ԶԼՄ-ների զուգահեռ մոնիտորինգ իրականացնելու գաղափարին: Նման հետազոտություններ իրականացվել են ՀՀ բոլոր ընտրությունների ժամանակ` սկսած 1995 թվականից, եւ դրանց տվյալները երբեք չեն հակասել մերին: Եթե այս անգամ ինչ-որ բան ԶԼՄ-ների մոնիտորինգի որոշակի տեխնիկական դժվարություններ է ստեղծել, ապա դա միայն միջազգային դիտորդական առաքելություններին ՀՀ Ազգային ժողովի կողմից բավականին ուշացումով (պաշտոնական նախընտրական քարոզարշավից ընդամենը մեկ ամիս առաջ) ուղարկված հրավերն է: Եթե մեր իշխանություններն իրապես շահագրգռված են մոնիտորինգով, ապա իմաստ ուներ այդ մասին հոգալ նախապես, չսպասելով միջազգային բարձրաստիճան պաշտոնյաների քննադատություններին: Այս կարեւոր գործում միջազգային բանիմաց գործընկերների ներգրավումը հնարավորություն կտա ցրելու այս կամ այն հետազոտության կողմնակալության մասին բոլոր կասկածները:
Ինչքան ավելի լայն լինի զանգվածային լրատվամիջոցների ընդգրկվածությունը մոնիտորինգում, այնքան ավելի ամբողջական պատկեր կստացվի: Այս իմաստով, մոնիտորինգը տպագիր ԶԼՄ-ների վրա տարածելու ՀՀ վարչապետի առաջարկությունը միանգամայն հիմնավորված է: «ԹԻՄ»-ը եւ ԵՄԱ-ն այս փուլում սահմանափակել են հետազոտվող ԶԼՄ-ների թիվը ութ հեռարձակվողներով` մի քանի պատճառներով. նախ` ռեսուրսների սահմանափակությամբ եւ ելնելով այն ԶԼՄ-ների ընտրության նպատակահարմարությունից, որոնք առավել մեծ ուշադրություն են դարձնում երկրի քաղաքական գործընթացներին եւ, ընդսմին, ունեն առավել լայն լսարան, երկրորդ` հետազոտության բարձր որակը երաշխավորելու (ինչը ենթադրում է բավարար քանակի պատրաստված դիտարկողների առկայություն) անհրաժեշտությամբ, երրորդ, եւ սա ամենագլխավորն է, նկատի ունենալով այն ակնհայտ հանգամանքը, որ հեռարձակվող ԶԼՄ-ները, օգտագործելով հանրային ռեսուրս` հաճախականություն, հանրության առջեւ լուսաբանման անաչառության որոշակի պարտավորություններ ունեն: Այս մոտեցումն է դրված միջազգային փաստաթղթերի եւ ՀՀ ազգային օրենսդրության հիմքում:
Եվրոպայի խորհրդի համապատասխան սկզբունքները արտացոլված են Նախարարների կոմիտեի` անդամ պետություններին ուղղված`մամուլում ընտրարշավների լուսաբանմանը վերաբերող R (99) 15 Հանձնարարականում. «(…) գիտակցելով տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների միջեւ առկա էական տարբերությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը», Նախարարների կոմիտեն հանձնարարում է «(…) Մամուլում ընտրությունների լուսաբանումը կարգավորող մարմինները չպետք է միջամտեն թերթի կամ ամսագրի ազատությանը կամ նրա` քաղաքական նախապատվությունն արտահայտելու իրավունքին (…)»: Միաժամանակ` «(…) Հարգելով հեռարձակող լրատվամիջոցների ազատության սկզբունքը` կարգավորող մարմինները պետք է հետեւեն, որ հեռարձակվող ծրագրերում պահպանվի անաչառությունը, հավասարակշռությունը եւ անկողմնակալությունը: Դա պետք է հավասարապես վերաբերի թե հանրային ծառայությանը եւ թե մասնավոր հեռարձակողներին»:
ՀՀ օրենսդրությունը թեպետ եւ ոչ ամբողջապես է արտացոլում ԵԽ Նախարարների կոմիտեի վերոհիշյալ եւ մի շարք այլ հանձնարարականների դրույթները, սակայն նույնպես հեռարձակվող ԶԼՄ-ների համար ավելի շատ պատասխանատվություն է նախատեսում, քան տպագիրների: Սա ամենից առաջ վերաբերում է հանրային հեռարձակողին, որի հաղորդումներում, ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի «քաղաքական դիրքորոշման գերակշռությունը արգելվում է»: Ընդ որում, այս արգելքը տարածվում է Հանրային հեռուստառադիոընկերության ողջ գործունեության վրա, եւ ոչ թե միայն ընտրությունների նախորդող ժամանակաշրջանի: Հեռարձակվող ԶԼՄ-ների առանձնահատկությունները եւ նրանց կողմից օրենքների ու արտոնագրի պայմանների պահպանման վրա վերահսկողության կարեւորությունը ընդգծված են հատուկ կարգավորող մարմնի` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծմամբ: Այն դեպքում, երբ տպագիր լրատվամիջոցների արտոնագրում եւ հատուկ կարգավորում մեր օրենսդրությամբ նախատեսված չէ:
Այսպիսով, եթե տպագիր (ցանկալի է նաեւ ինտերնետային) հրատարակությունների մոնիտորինգը իրականացվի, անհրաժեշտ կլինի հստակորեն սահմանազատել դրա արդյունքները հեռարձակվող ԶԼՄ-ների ցուցանիշներից: Ընտրությունների ընթացքում հեռուստառադիոընկերությունների աշխատանքը, նրանց օբյեկտիվության մակարդակը անմիջականորեն բնութագրում են, թե որքանով է պետությունը կատարում միջազգային գործընկերների առջեւ իր ստանձնած քաղաքական պարտավորությունները: Հենց այս հանգամանքն էր, պետք է ենթադրել, ընկած ԶԼՄ-ների նախընտրական տոնայնության համար իշխանության պատասխանատվության վերաբերյալ Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի` պաշտոնական Երեւանի հերթական դժգոհ մեկնաբանությանն արժանացած կարծիքի հիմքում:
Վերոշարադրյալը նկատի առնելով` մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` միջազգային կազմակերպությունների կողմից քննադատության պատճառը չփնտրել մեր իրականացրած մոնիտորինգում, որն ընդամենը ԶԼՄ-ների չափազանց անբարենպաստ իրավիճակն արտացոլող հայելի է, այլ այն ուղղելու քայլեր ձեռնարկել: Մեզ էլ, իշխանություններից ոչ պակաս, մտահոգում են երկրի միջազգային վարկի վրա բացասաբար անդրադարձող հայտարարությունները: Սակայն մենք համոզված ենք. «աղբը տնից չհանելուց» խուսափելու լավագույն միջոցը այդ տունը մաքուր պահելն է:
Երեւանի մամուլի ակումբ
«ԹԻՄ» հետազոտությունների կենտրոն