ԱՄՆ և Եվրոպական միության «Ժողովրդավարություն և քաղաքացիական հասարակություն» մրցանակ

ԵՄԱ-Ն՝ 50 ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Մայիսի 18-ին Հայանստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ ԱՄՆ եւ Եվրոպական Միության՝ «Ժողովրդավարություն եւ քաղաքացիական հասարակություն» ամենամյա մրցանակի հանձնման առաջին արարողությունը։

«Ժողովրդավարություն եւ քաղաքացիական հասարակություն» մրցանակը հիմնադրվել է 1997թ. մայիսին Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովում եւ նվիրված է Մարշալի պլանի 50 եւ Հռոմի պայմանագրի 40-ամյակներին։ Արդեն ամենամյա դարձած այդ մրցանակին էին ներկայացվել Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ 28 երկրների 140 ոչ կառավարական կազմակերպություններ, համայնքներ ու անհատներ՝ ժողովրդավարության այնպիսի հիմնարար ոլորտներում իրենց ներդրման համար, ինչպիսիք են հակամարտությունների կարգավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, պետական կառավարման արդյունավետությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, փոքրմասնությունների ու կանանց իրավունքների պաշտպանությունը, զանգվածային լրատվամիջոցները, համայնքների գործունեությունը, օրինականության ապահովումն ու քաղաքացիական կրթությունը։

Մրցանակի արժանացան ԵՄ եւ ԱՄՆ նարկայացուցիչների անկախ հանձնաժողովի կողմից ընտրված 50 կազմակերպություն, համայնք ու անհատ։

Հայաստանից պարգեւի էին ներկայացված չորս հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի հելսինկյան ընկերակցությունը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Հայաստանի իրավագետների եւ քաղաքագետների միությունը եւ Երեւանի մամուլի ակումբը։ Նրանցից երկուսը՝ Հայաստանի հելսինկյան ընկերակցությունը եւ Երեւանի մամուլի ակումբը, հավաստագրեր եւ 20.000-ական ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգեւներ ստացան։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Միթչիները պարգեւների հանձնման արարողության ժամանակ նշեց «առաջադեմ ու ակտիվ լրագրողներին» միավորող Երեւանի մամուլի ակումբի դերը լրագրողների մասնագիտական մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ նրա ներդրումը ԶԼՄ բնագավառի օրենսդրական դաշտի զարգացման գործում։

«Մեր նպատակն է ընդլայնել այն տիրությը, որտեղ պիտի գործեն արհեստավարժության, արժանապատվության եւ մասնագիտական բարոյականության չափանիշները։ Մեզ հաջողվել է ԵՄԱ անդամների միջավայրում ստեծել այդպիսի մթնոլորտ, եւ հուսով ենք, որ այն ընդհանրապես չափանիշ կդառնա հայ լրագրողների գործունեության մեջ»,- ասաց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը՝ շնորհակալություն հայտնելով պարգեւի համար։

Երեւանի մամուլի ակումբից բացի լրարողական միավորումներից մրցանակակիրների շարքում են նաեւ Մոնղոլիայի մամուլի ինստիտուտը եւ Լրագրության խնդիրների ուսումնասիրման «Իլխոմ» կենտրոնը (Ուզբեկստան)։ Ադրբեջանում պարգեւի էին արժանացել Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի ադրբեջանական մասնաճյուղը եւ Ադրբեջանցի կանանց իրավունքների պաշտպանության միությունը։ Վրաստանում՝ «Վարկետելի» միությունը եւ Խորհրդարանի պայգամավոր Էլենա Թեվդորաձեն։

«Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել Երեւանի մամաուլի ակումբին՝ ժողեվրդավարական հիմքերի զարգացման գործում իր ներդրման համար Եվրոպական Միության եւ ԱՄՆ «Ժողովրդավարություն եւ քաղաքացիական հասարակություն» մրցանակի արժանանալու առթիվ»,- հունիսի 2-ին այս բառերով սկսեց իր ելությը ԵՄ Եվրոպական հանձնաժողովի՝ միջազգային հարաբերությունների գծով հանձնակատար Հանս վան դեն Բրուկը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծեց, որ նման պարգեւ վկայում է Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների հսկայական դերի մասին, եւ դա կարելի է միայն ողջունել։

Գայանե ԹԵՐԶՅԱՆ
«Երեւանի մամուլի ակումբ» տեղեկագիր
No.5 (20)մայիս-հունիս 1998